English Version



Աշխատակազմ

Մուրադ Մուրադյան
Գործադիր տնօրեն

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամում որպես գործադիր տնօրեն սկսել եմ աշխատել 2005թ. հունիսից: Մինչ այդ` 2001թ. դեկտեմբերից, աշխատել եմ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպություն որպես տեխնիկական բաժնի ղեկավար` ՀԴՓԾ և «ՀՓ 2000» ծրագրի համար։ Ունեմ ավելին քան 14 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Մինչ «Փրոջեքթ Հարմոնի» տեղափոխվելս աշխատել եմ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում և տարբեր միջազգային կազմակերպություններում: Վերջին պաշտոնս եղել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգչային տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետ: Ծնվել և մեծացել եմ Երևանում: Սիրում եմ իմ ազատ ժամանակն անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ:

1992թ. Մուրադ Մուրադյանը ավարտել է Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, այնուհետև` ՀՊՃՀ մագիստրատուրան: Նա ստացել է մագիստրոսի որակավորում, որից հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, որն ավարտել է 1998թ.: Նախատեսում է ավարտել և պաշտպանել թեկնածուական թեզը` «Համակարգչային ցանցեր» մասնագիտությամբ:

 

Արամ Մխիթարյան
Վեբ զարգացման մասնագետ

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի անձնակազմի հետ սկսել եմ աշխատել 2005 թ. հուլիս ամսից: Մինչ այդ` 2002թ-ի նոյեմբերից, աշխատել եմ «Փրոջեքթ Հարմոնի»-ի կազմակերպությունում որպես վեբ մասթեր: Մինչև «ՓՀ»-ում աշխատանքի անցնելը հնարավորություն եմ ունեցել աշխատելու տարբեր ընկերություններում և կազմակերպություններում, որտեղ կարողացել եմ զարգացնել իմ մասնագիտական կարողությունները և փորձը: Աշխատել եմ որպես ԻՏ դեպարտամենտի ղեկավար, ամսագրի գլխավոր խմբագիր, տեխնիկական խմբագիր: Երկար տարիներ աշխատել եմ որպես freelance վեբ մասթեր: Համակարգիչներով «հիվանդացել եմ» բավականին շուտ և ցավոք` ընդմիշտ:

Արամ Մխիթարայանը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Մեխանիկա և մեքենագիտություն» բաժինը և ստացել է մագիստրոսի որակավորում:

 

Արմեն Սարգսյան
Տեխնիկական աջակցման մասնագետ

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի անձնակազմին միացել եմ 2005 թ. հուլիսց: Մինչ այդ աշխատել եմ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունում` սկզբում որպես տարածքային տեխնիկական մոնիտոր «ՀՓ 2000» ծրագրի համար, իսկ այնուհետև` որպես տեխնիկական վերապատրաստումների կոորդինատոր։ Որպես Տեխնիկական աջակցման մասնագետ` ես պատասխանատու եմ տեխնիկական խնդիրների գնահատման և լուծման և տեխնիկական աջակցության ցուցաբերման համար:

Արմեն Սարգսյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի բաժինը:

 

Արմենակ Այվազյան
Ցանցային ադմինիստրատոր

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի անձնակազմի հետ սկսել եմ աշխատել 2005 թ. հուլիս ամսից: Մինչ այդ աշխատել եմ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունում սկսած 2002թ. նոյեմբերից` որպես AC2K և AmSCP ծրագրերի ցանցի կառավարիչ: 1995թ. -ից ի վեր աշխատել եմ տարբեր կազմակերպություններում, ինչպիսիք են «Ինֆոկոմ»-ը և ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը, որտեղ զբաղեցրել եմ համակարգի կառավարչի պաշտոն: Աշխատել եմ նաև «Մերիման» ՍՊԸ-ում, որտեղ զբաղեցրել եմ ցանցի կառավարչի պաշտոնը: Որպես ցանցային ադմինիստրատոր` ես պատասխանատու եմ լոկալ ցանցի, ինտերնետի մուտքի, տեղական և ընդհանուր ցանցերի կառավարման համար: Ես սիրում եմ սպորտ, ճանապարհորդություն, նավարկություն և դահուկային սպորտ:

Արմենակ Այվազյանը 1992թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիո-Ճարտարագիտության բաժինը, այնուհետև` 1994թ.` Պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան` ստանալով գիտությունների մագիստրոսի կոչում:

 

Արևիկ Մուրադյան
Տեխնիկական վերապատրաստումների կոորդինատոր

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի անձնակազմի հետ սկսել եմ աշխատել 2005 թ. հուլիս ամսից: Աշխատանքային փորձս սկսել եմ «Ալ-Ջես րուփ» ՍՊԸ-ում` աշխատանքի անցնելով համակարգչային բաժնում: Իսկ համակարգչային հմտություններ դասավանդողի փորձառությունն սկսել եմ Երևանի Մ. Մաշտոցի անվան մանկավարժական համալսարանում, այնուհետև շարունակել Փ. Թերլեմեզյանի անվան եղարվեստի Ուսումնարանում և Մշակութային Կապերի Հայկական Միությունում: Վարել եմ Վեբ դիզայնի դասընթացներ «Ինֆո րուփ» ՀԿ-ում, միևնույն ժամանակ աշխատանքի եմ անցել Փրոջեքթ Հարմոնիում` որպես մարզային կրտսեր կրթական կոորդինատոր: Այնուհետև, որպես տեխնիկական վերապատրաստումների կոորդինատոր, Փրոջեքթ Հարմոնիում աշխատանքի եմ անցել 2004 թ. դեկտեմբերից: «Հարմոնիա» հիմնադրամում տեխնիկական վերապատրաստումների կոորդինատորի իմ աշխատանքային պարտականություններն են` տեխնիկական վերապատրաստման դասընթացների կազմակերպում և վերահսկում, Վեբ դիզայնի դասընթացների վարում, ինչպես նաև դպրոցական և կրթական ռեսուրսների ստեղծման աջակցություն: Սիրում եմ արվեստը և գրականությունը, շատ հետաքրքրվում եմ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումով հատկապես այդ ոլորտներում: Աշխատանքից հետո, ազատ ժամերին, հաճախում եմ նաև քիքբոքսինգի խմբակ, երազում եմ դառնալ աշխարհի չեմպիոն:

Արևիկ Մուրադյանը 1999 թ.-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը:

 

Գոհար Կատվալյան
Գլխավոր Հաշվապահ

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի անձնակազմին միացել եմ 2005 թ. հուլիս ամսից: Մինչ այդ զբաղեցրել եմ ղեկավարող պաշտոններ տարբեր հիմնարկություններում: Աշխատել եմ Կոնվերս բանկում` որպես հաշվապահական բաժնի պետ, «Յուլիս» և «Նոր Նաիրի» ՍՊԸ-ներում` որպես հաշվապահական հարցերով խորդրդատու, զբաղեցրել եմ գլխավոր հաշվապահի պաշտոններ «Վալենսիա», «X գրուպ» ՍՊԸ-ներում, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպություններում: Ներկա պահին համատեղությամբ աշխատում եմ որպես «Ինտերմինացիոն» հաշվապահական գրասենյակի գլխավոր տնօրեն: Մասնակցել եմ մի շարք մասնագիտական սեմինարներին և դասընթացներին:

Գոհար Կատվալյանը 1990 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսներ և վարկ բաժինը:

 

Մարիա Ասմանգուլյան
Ծրագրի օգնական

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի անձնակազմին միացել եմ 2005 թ. հուլիս ամսից: Մինչ «Հարմոնիա» հիմնադրամին միանալը երկու տարի աշխատել եմ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունում: Մինչ այդ դեռևս ուսանող կես դրույքով աշխատել եմ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում որպես թարգմանիչ: Ես գերազանցությամբ ավարտել եմ Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանը 2003 թ. մայիս ամսին: Հաղթելով FSA Undergraduate ծրագրի մրցույթը` 2001-2002 թթ. սովորել եմ Միացյալ Նահանգներում` Պենսիլվանիա նահանգի Սլիփերի Ռոք Համալսարանում: Ես մտադրություն ունեմ շարունակել իմ կրթությունը Քաղաքագիտության բնագավառում և հասնել նոր բարձունքների: Սիրում եմ ճանապարհորդել, քայլել, ճանաչել նոր երկրներ, մշակույթներ: Ես անչափ նվիրված եմ իմ երկրի քաղաքական և սոցիալական առաջընթացի գաղափարին և հավատում եմ, որ միացյալ ուժերով մենք կստեղծենք քաղաքացիական հասարակություն և կկառուցենք ավելի լավ ապագա բոլորի համար:

 

Սիրեկան Սահակյան
Ավագ տեխնիկական և ադմինիստրատիվ կոորդինատոր

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի անձնակազմի հետ սկսել եմ աշխատել 2005 թ. հուլիս ամսից` ստանձնելով տեխնիկական կոորդինատորի պաշտոնը: Մինչ այդ 2002 թ. նոյեմբերից աշխատել եմ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունում որպես տեխնիկական կոորդինատոր «Հայաստանի դպրոցների փոխկապակցում» ծրագրի համար։ Ունեմ 9 տարվա աշխատանքային փորձ: Աշխատել եմ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես համակարգչային տեխնոլոգիաների սպասարկման վարչության պետ: Աշխատել եմ նաև «Բումերանգ սոֆտվեր» ՍՊԸ-ում` որպես ցանցային ադմինիստրատոր: Իմ պարտականություններն են` ապահովել ՀԴՓԾ ծրագրի համակարգիչների, ցանցերի և ինտերնետ կապի անխափան աշխատանքը և ցանցային այլ տեխնիկական խնդիրների լուծումը։ Ունեմ երկու երեխա և սիրում եմ անցկացնել ազատ ժամանակս ընտանիքիս հետ միասին:

Սիրեկան Սահակյանը 1994թ. ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի բաժինը: