Նորություններ
Շիրակի մարզը ճանաչվել է ՙՇարժական ինտերնետ-համակարգչային կենտրոն՚ ծրագրի երկրորդ մրցույթի հաղթող / 25.11.2005
ՙՀարմոնիա՚ տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը, ստանձնելով ՙՇարժական ինտերնետ-համակարգչային կենտրոն՚ ծրագրի իրականացումը, սեպտեմբեր ամսին հայտարարեց ՙՇարժական ինտերնետ-համակարգչային կենտրոն՚ ծրագրի երկրորդ մրցույթը` ծրագրի մեջ այլ 20-30 հեռավոր համայնքներ ընդգրկելու նպատակով: Ստանալով մրցույթային փաթեթներ ՀՀ 7 մարզերից` անվանապես` Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռիի, Վայոց ձորի մարզերից, փաթեթների գնահատումը կատարելու և հաղթող մարզն ընտրելու նպատակով ստեղծվեց հանձնաժողով, որը բաղկացած էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ՙՓրոջեքթ Հարմոնի՚ կազմակերպության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՙՀարմոնիա՚ հիմնադրամի ներկայացուցիչներից: Հանձնաժողովի անդամների գնահատումների արդյունքները ցույց տվեցին, որ ձայների ճնշող մեծամասնությունը տրվել է Շիրակի մարզի կողմից ներկայացված փաթեթին: Այսպիսով, Շիրակի մարզը ճանաչվել է ՙՇարժական ինտերնետ-համակարգչային կենտրոն՚ ծրագրի երկրորդ մրցույթի հաղթող և կհյուրընկալի ՙՇարժական ինտերնետ-համակարգչային կենտրոն՚-ն իր համայնքներում առաջիկա մեկ տարվա ընթացքում:
ՙՇարժական ինտերնետ-համակարգչային կենտրոն՚ ծրագրի պաշտոնական բացման արարողությունը Շիրակի մարզում տեղի կունենա նոյեմբերի 29-ին ժամը 12:30-ին` Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում:
|