English Version



Դասընթացներ

Վերապատրաստումների անցկացումը և Հայաստանում համակարգչային հմտությունների տիրապետող մարդկային ռեսուրսների ստեղծումը հանդիսանում են մեր առաքելության անբաժանելի մասը: Ինտերնետ-համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) աշխատակիցների, ուսուցիչների, աշակերտների և համայնքի անդամների վերապատրաստումը առաջին քայլն է կրթական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Վերապատրաստման միջոցով է, որ մենք պատրաստվում ենք բարձրացնել ինտերնետ-համակարգչային տեխնոլոգիաների ռեսուրսների կիրառման մակարդակը կրթական համակարգում և ընձեռել հնարավորություն համագործակցության և պրոֆեսիոնալ զարգացման համար:

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը «ՀԴՓԾ»-ի շրջանակներում ստեղծված ԻՀԿ-ների աշխատակիցների համար իրականացնում է տեխնիկական դասընթացներ և վերապատրաստումներ: Մենք կազմակերպում, վարում, վերահսկում և գնահատում ենք երեք տիպի տեխնիկական դասընթաց` վեբ զարգացում, ցանցային ադմինիստրացիա, հիմնական համակարգչային հմտություններ: Նշված դասընթացներից յուրաքանչյուրը բաղկացած է գործնական և տեսական բաղադրիչներից: «Հարմոնիա» հիմնադրամը ՀՀ բոլոր մարզերում ունի մեկական մարզային վերապատրաստող, որն իր հերթին համապատասխան մարզում կոորդինացնում եւ վարում է հիմնական համակարգչային հմտությունների դասընթացները:

Վեբ զարգացման դասընթացը բաղկացած է 12 դասերից, որոնք իրականացվում են Երևանում: Վեբ զարգացման դասընթացի նպատակն է խթանել դպրոցական ինտերնետային էջերի և հայալեզու ինտերնետային ռեսուրսների ստեղծումը: Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները` բրոուզերներ, էկրանի խտություն, HTML խմբագիրներ, էլեկտրոնային պատկերներ, գունային ռեժիմներ, պատկերների խմբագրման ծրագրեր, DHTML, Flash տեխնոլոգիա, գերհղում, վեբ փաստաթղթերի կոդավորումներ, վեբ սերվերներ և այլն: Մեր աշխատակիցները վերապատրաստել են ավելի քան 500 ԻՀԿ աշխատակից, որի հետևանքով ստեղծվել է 195 դպրոցական ինտերնետային էջ: «Հարմոնիա» հիմնադրամը ոչ միայն կազմակերպում, վերահսկում և գնահատում է վեբ զարգացման դասընթացները, այլ նաև տրամադրում է աջակցություն և խորհրդատվություն դպրոցների ինտերնետային էջերի ստեղծման գործում:

Ցանցային ադմինիստրացիայի դասընթացներն անցկացվում են Երևանում և բաղկացած են 15 դասերից, որոնք մասնակիցներին տալիս են գիտելիքներ համակարգչային ցանցային կառուցվածքների, անվտանգության և ցանցի հետ կապված ծագող խնդիրների լուծման եղանակների վերաբերյալ: Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները` ցանցային և աշխատանքային սեղանի օպերացիոն համակարգերի (ՕՀ) տեղադրում և կոնֆիգուրացիա, սարքային ապահովում, ՕՀ և ցանցային կառավարման գործիքներ, տարբեր ֆայլային համակարգեր, տպող ծառայություններ, DHCP, DNS և WINS սերվերներ, ցանցային ծառայություններ և անվտանգություն, կապակցող սարքեր, RAS, դոմենի ադմինիստրացիա, փոստային սերվերներ, Windows active X և այլն: Ըստ վիճակագրական տվյալների, ցանցային ադմինիստրացիայի բնագավառում մեր մասնագետները մինչ օրս վերապատրաստել են ավելի քան 350 ԻՀԿ աշխատակից:

Հիմնական համակարգչային հմտությունների դասընթացներն իրականացվում են մարզային վերապատրաստողների կողմից Հայաստանի բոլոր մարզերում: Դասընթացը բաղկացած է 10 դասերից և նպատակ ունի մասնակիցներին տալ գիտելիքներ MS Windows և MS Office (MS Word, MS Excel, MS Power Point) ծրագրային փաթեթների, Internet Explorers, հակավիրուսային և արխիվացման ծրագրերի, ինչպես նաև էլեկտրոնային փոստի վերաբերյալ: Դասընթացը նաև ներառում է հետևյալ թեմաները` Windows 2000/XP տեղադրում, լոկալ ցանցեր, ցանցային սարքավորումների և տիպերի հետ աշխատանք, ցանցային տպիչ, աշխատանքային խմբեր, ցանցային քարտի տեղադրում, դրայվերներ, TCP/IP պրոտոկոլ և այլն:

Մեր մարզային վերապատրաստողները վերապատրաստել են մոտ 450 ԻՀԿ աշխատակից, որոնք իրենց հերթին համապատասխան ԻՀԿ-ներում իրականացրել են նմանատիպ դասընթացներ դպրոցի ուսուցիչների, աշակերտների և համայնքի անդամների համար: 2003-2005 թթ. ընթացքում հիմնական համակարգչային հմտությունների բնագավառում վերապատրաստում անցած մարդկանց թիվը կազմում է 160,000: Հիմնական համակարգչային հմտությունները կրթական համայնքի համար բացում են մուտք դեպի ինտերնետ և հարուստ կրթական ռեսուրսներ:

Դասընթացների արդյունավետությունը գնահատելու համար յուրաքանչյուր դասընթացի ավարտին մենք իրականացնում ենք տեստավորում և գնահատում, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել տարված աշխատանքի արդյունքների մասին:

Դպրոցի ուսուցչական կազմի համակարգչային գրագիտությունը, դրպոցի ինտերնետային էջի և ռեսուրսների առկայությունը կարող են կայուն հիմք հանդիսանալ միջազգային համատեղ աշխատանքի, ինչպես նաև աշխարհի դպրոցների և դասապլան մշակողների հետ համագործակցություն հաստատելու համար:

«Հարմոնիա» հիմնադրամը նախատեսում է զգալիորեն ավելացնել վերապատրաստում անցած մարդկանց թիվը գալիք տարիների ընթացքում: