English Version



Շարժական ինտերնետ-համակարգչային կենտրոն


«Շարժական ինտերնետ-համակարգչային կենտրոն» ծրագիրը («ՇԻՀԿ») նորարարական ծրագիր է, որի շրջանակներում ստեղծվել է շարժական համակարգչային կենտրոն` կոչված ծառայելու Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ համայնքներին, որոնք զրկված են հաղորդակցման նվազագույն միջոցներից և ունեն տեղեկատվության, հաղորդակցման և համակարգչային գրագիտության զգալի պակաս:

«Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի» («ՀԴՓԾ») իրականացման ընթացքում 2000-2002 թթ. առաջ եկավ խնդիր. ծանր սոցիալական պայմաններում ապրող հեռավոր և գյուղական համայնքների բնակչությունը, զրկված լինելով հաղորդակցման նվազագույն միջոցներից, ուներ համակարգչային գրագիտություն ձեռք բերելու և տեղեկատվություն ստանալու խիստ անհրաժեշտություն: Այդ համայնքների բնակչության համար հրատապ դարձած կարիքները հոգալու նպատակով առաջ քաշվեց «ՇԻՀԿ» ծրագրի նախագիծը, որն առաջինն էր ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև նախկին Խորհրդային Միության հանրապետություններում:


 

«ՇԻՀԿ»-ի ստեղծումը ներառեց համապատասխան մեքենայի գնումը և գնված մեքենայի փոխակերպումը ուսումնական համակարգչային կենտրոնի: Կենտրոնում տեղադրվեցին 5 համակարգիչ, տպող սարք, սկաներ, թվային ֆոտոխցիկ, լուսացրիչ (պրոյեկտոր), ինտերնետ կապը ապահովվեց գործող արբանյակային կապի միջոցով: Սարքավորումները տեղադրվեցին հաշվի առնելով ինտերնետ կապի անխափան ապահովման և ոչ բարվոք ճանապարհներով երկարատև ճանապարհորդելու անհրաժեշտությունը: «ՇԻՀԿ»-ում աշխատում են երկու վերապատրաստված մասնագետներ, որոնք պատասխանատու են ընտրված մարզում հիմնական համակարգչային հմտությունների դասընթացներ անցկացնելու և աշակերտներին, ուսուցիչներին և համայնքի անդամներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Մարզի ընտրությունը կատարվում է մրցութային հիմունքներով:

       

Մրցույթը ներառում է մրցութային փաթեթների հանձնման և մարզպետների, կրթության վարչության պետերի հետ հարցազրույցների անցկացման գործընթացը:
«ՇԻՀԿ» ծրագրի առաջին մրցույթի հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզը, որտեղ և իրականացվել են «ՇԻՀԿ» ծրագրի առաջին երկու փուլերը: 2003 թ. վերջին եռամսյակում Գեղարքունիքում իրականացվեց գնահատում` որոշելու համար, թե մարզի որ 20 համայնքներում է գործելու «ՇԻՀԿ»-ն: Գեղարքունիքի 20 հեռավոր գյուղերում անցկացված գնահատումը բացահայտեց, որ 20 գյուղերից միայն 3-ում են առկա սահմանափակ քանակով համակարգիչներ, մինչդեռ համակարգչային հմտությւոնների տիրապետող մարդկանց թիվը շատ փոքր էր: Մնացած 15 գյուղերի բնակչությունը ծանոթ չէր ո°չ համակարգչի և ո°չ ինտերնետի հետ: Ընտրված 20 գյուղերի բնակչությունը կազմում էր 12481 մարդ, որոնցից 1920 աշակերտ և 387 ուսուցիչ: Ընտրված գյուղերում բնակվում էին նաև հետևյալ թիրախ խմբերը` փախստականներ (9487), գործազուրկներ (5275), հաշմանդամներ (271):

 

Ծրագրի առաջին փուլում ծրագիրն իրականացնող տեխնիկական մասնագետները մշակեցին մեկշաբաթյա ուսուցողական ծրագիր` նախատեսված համակարգչային գիտելիքների նախասկզբնական մակարդակի համար: Մշակված 6-7 ժամանոց ուսուցողական ծրագիրը ներառեց հետևյալ թեմաները` համակարգչի սարքային ապահովում, համակարգչի աշխատանքի և սպասարկման հիմունքներ, MS Windows և MS Office ծրագրային փաթեթներ, ինտերնետ բրոուզերներ և նավիգացիա, էլ. փոստ և փոստային ծրագրեր: Ուսուցողական ծրագրի ավարտին իրականացվեց ուսուցման արդյունքում ստացած գիտելիքների գնահատում: «ՇԻՀԿ»-ն վերադարձավ իր այցելած համայնքները երկրորդ փուլի ընթացքում` բնակչությանը հնարավորություն ընձեռելով գործնականում կիրառել ձեռքբերած գիտելիքները: Երկրորդ փուլի ավարտին անցկացվեց գիտելիքների համանման գնահատում, ինչ կատարվել էր աջաջին փուլում:

Ծրագրի առաջին փուլը սկսվեց 2004 թ. հունիսին և ավարտվեց 2004 թ. հոկտեմբերին: Այդ ընթացքում գրանցվեց համակարգչի 1000 ժամ օգտագործում և ավելի քան ուսուցման 700 ժամ ուսուցում: Ծրագրի շահառու դարձավ մոտ 516 մարդ, որոնցից 361-ը` աշակերտներ:

Ծրագրի երկրորդ փուլը սկսվեց 2005 թ. փետրվարին և ավարտվեց 2005 թ. հուլիսին: Այդ փուլը ներառեց առաջին փուլի դասընթացների մասնակիցների վերապատրաստումները, ինչպես նաև աշակերտների, ուսուցիչների և համայնքի անդամների նոր խմբերի հավաքագրում: Ծրագրի երկրորդ փուլում շահառուների թիվը հասավ մոտ 680-ի, որի մեծ մասը կազմեցին աշակերտները:

Որպես ծրագրի փոքրածավալ որակական գնահատում` Գեղարքունիքի մարզի լրագրողների մի խումբ նկարահանեց կինոնկար «ՇԻՀԿ»-ի գործունեության վերաբերյալ: Որպես տեղեկատվության հավաքագրման այլընտրանքային մեթոդ, անցկացվեցին հարցազրույցներ: Հարցազրույցներին մասնակցեցին ծրագրի անմիջական շահառուների և ոչ շահառուների տարբեր տարիքային խմբեր: Այնուհետև իրականացվեց հավաքագրված տեղեկատվության վերլուծություն. արձանագրվեցին հաջողությունները, թերությունները և առաջարկները:

«ՇԻՀԿ»-ի այցելած բոլոր գյուղերում համայնքի անդամներն ունեցան իրենց ներդրումը ծրագրի մեջ` ապահովելով «ՇԻՀԿ»-ի երկու աշխատակիցներին բոլոր անհրաժեշտ պայմաններով, ինչը վկայում է համայնքի` ծրագրին տված բարձր գնահատականի մասին:

Ծրագիրը, ստանալով շատ դրական արձագանքներ, հրավիրվեց ներկայացման Երևանում ԱՄՆ-ի հայկական տեխնիկական խորհրդի առաջատար տեխնիկական կոնֆերանսներից մեկում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և շատ բարեգործական կազմակերպություններ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին «ՇԻՀԿ» ծրագրի նկատմամբ:

«ՇԻՀԿ» ծրագիրը ծառայեց հեռավոր գյուղական համայնքներին աջակցելու, միջմշակութային կապեր ստեղծելու, նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, ուսուցման նոր մեթոդներ կիրառելու նպատակներին:

«ՇԻՀԿ» ծրագիրը ընդլայնում է մարդկանց աշխարհհայացքը` տրամադրելով տեղեկատվություն ստանալու և հաղորդակցվելու հնարավորություն, այն տալիս է Հայաստանի հեռավոր համայնքների աշակերտներին, ուսուցիչներին և համայնքի անդամներին համակարգչային հմտություններ ձեռք բերելու, տեղեկատվություն ստանալու, զարգանալու և համագործակցության կապեր հաստատելու հնարավորություն:

«ՇԻՀԿ» ծրագրի զարգացումները
«ՇԻՀԿ» ծրագրի առաջին երկու փուլերի հաջող իրականացումը Գեղարքունիքի մարզում ցույց տվեց ծրագրի իրականացման մեծ պահանջը և օգտավետությունը, ինչը հաստատեց ծրագիրը Հայաստանի այլ մարզերում շարունակելու կարևորությունը:

Նոր մարզի ընտրությունը կատարելու նպատակով 2005 թ. հոկտեմբերին Հայաստանի 10 մարզերի միջև (բացի Երևանից) հայտարարվեց բաց մրցույթ: «Հարմոնիա» հիմնադրամը ստացավ մրցույթային փաթեթներ Հայաստանի 7 մարզերից: Ստացված մրցույթային փաթեթները գնահատելու և հաղթող ընտրելու համար հիմնադրվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության և «Հարմոնիա» հիմնադրամի ներկայացուցիչներից բաղկացած ընտրական հանձնաժողով: Գնահատման արդյունքում ձայների բացարձակ մեծամասնությամբ Շիրակի մարզը ճանաչվեց «ՇԻՀԿ» ծրագրի երկրորդ մրցույթի հաղթող:

«ՇԻՀԿ» ծրագրի պաշտոնական բացումը նորընտիր մարզում տեղի ունեցավ 2005 թ. նոյեմբերի 29-ին Գյումրի քաղաքում, որից հետո «ՇԻՀԿ» -ն սկսեց իր ճանապարհորդությունը Շիրակի մարզի 20 հեռավոր համայնքներով` ըստ մշակված ժամանակացույցի:

Մինչ օրս «ՇԻՀԿ»-ն այցելել է Շիրակի մարզի 10 հեռավոր համայնք` Հարթաշեն, Մուսայելյան, Աղին, Սարակապ, Հայկաձոր, Անիպեմզա, Ջրափի, Կաքավասար և Փոքր Սարիար` սպասարկելով յուրաքանչյուր համայնք 10-14 օր:

Մինչ այժմ «ՇԻՀԿ» աշխատակիցները անցկացրել են հիմնական համակարգչային հմտությունների դասընթացներ 308 մարդու համար (որից` 235 աշակերտ, 55 ուսուցիչ և 37 համայնքի անդամ): Գրանցվել է վերապատրաստման ավելի քան 700 ժամ: «ՇԻՀԿ»-ն կշարունակի իր գործունեությունը մարզի մնացած 10 համայնքներում մշակված ժամանակացույցի համաձայն` ավարտելով ծրագրի երրորդ փուլը ս. թ. հոկտեմբեր ամսին:

Այցելել ՇԻՀԿ-ի լուսանկարների պատկերասրահ