English Version
Support Mobile Lab Network

Տեխնոլոգիաներ և կրթություն բոլորի համար

ՙՀարմոնիա՚ տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը հիմնադրվել է 2005 թ. հունիս ամսին Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադրամի հիմնական նպատակը Հայաստանում կրթական և տեղեկատվական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող ծրագրերին նպաստելն է և ՙՀայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի՚ (ՙՀԴՓԾ՚) շրջանակներում ստեղծված ՀՀ տարածքում միակ և եզակի միջդպրոցական համակարգչային ցանցի պահպանումը և կայուն զարգացումը:

Հիմնադրամը կոչված է պահպանելու ՙՀԴՓԾ՚-ի շրջանակներում ստեղծված տեխնիկական ենթահամակարգը, բարձրացնելու ուսուցման գործընթացում ինտերնետ-համակարգչային տեխնոլոգիաների ռեսուրսների կիրառությունը, աջակցելու մանկավարժներին` ինտերնետ-համակարգչային ռեսուրսների կիրառմամբ լրացնել եւ զարգացնել գործող դասապլանները, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու համագործակցության և պրոֆեսիոնալ զարգացման համար:

ՙՀարմոնիա՚ հիմնադրամը ստեղծվել է կրթական և տեղեկատվական բնագավառներում մեծ փորձ ունեցող և ՀՀ տարածքում 2001 թվականից ՙՀԴՓԾ՚-ն իրականացնող ՙՓրոջեքթ Հարմոնի՚ կազմակերպության հայկական մասնաճյուղի տեխնիկական անձնակազմի հիման վրա և ունի ինտերնետ-համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտացված և հմուտ մարդկային ռեսուրսներ երևանյան գրասենյակում և ՀՀ բոլոր մարզերում: Ներկայումս ՙՀարմոնիա՚ հիմնադրամը հանդիսանում է ՙՓրոջեքթ Հարմոնի՚ կազմակերպության ենթակապալառուն և կոչված է իրականացնելու ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող և ՙՓրոջեքթ Հարմոնի՚ կազմակերպության կողմից իրականացվող ՙՀԴՓԾ՚-ի տեխնիկական բաղադրամասերը:

ՙՀարմոնիա՚ հիմնադրամը նպատակ ունի աջակցել ՀՀ դպրոցներին, մանկավարժներին, աշակերտներին և համայնքներին` ինտերնետ- համակարգչային ռեսուրսների կիրառումը որպես ուսուցման միջոց օգտագործելու գործում:

ՙՀարմոնիա՚ հիմնադրամը իրականացնում է ՙՇարժական ինտերնետ- համակարգչային կայան՚ (ՙՇԻՀԿ՚) նախագծի երրորդ փուլը, ինչը թույլ կտա հաղորդակցել և համակարգչային ուսուցման հնարավորություն տրամադրել հեռավոր և կապի միջոցներից զուրկ համայնքների մանկավարժներին, աշակերտներին և համայնքի անդամներին: ՙՇԻՀԿ՚-ի նախագծի առաջին երկու փուլերը իրականացվել են մեծ հաջողությամբ. ծրագրի մեջ ներառվել են Վարդենիսից Ճամբարակ ընկած ավելի քան 20 հեռավոր համայնքներ, որպես ծրագրի շահառուներ ներգրավվել են ավելի քան 600 աշակերտներ, ուսուցիչներ և համայնքի անդամներ:

Մոտ ապագայում ՙՀարմոնիա՚ հիմնադրամը նպատակ ունի նաև տեղադրել ինտերնետային արբանյակային կայաններ` ՀՀ տարբեր մարզերում փոխկապակցման տեսակետից առավել դժվար վայրերում ինտերնետային կապ ապահովելու համար:

ՙՀարմոնիա՚ հիմնադրամը կազմակերպում է հիմնական համակարգչային հմտությունների, վեբ զարգացման և ցանցային ադմինիստրացիայի դասընթացներ, ինչը մարզային աշխատակիցներին հնարավորություն է տալիս անհրաժեշտ մակարդակի վրա պահել և օգտագործել դպրոցում գործող համակարգչային կենտրոնները, դպրոցների համար ստեղծել ինտերնետային էջեր և զարգացնել հայալեզու ինտերնետային ռեսուրսները: Վերահսկումը, տեստավորումը և գնահատումը հնարավորություն են տալիս ստանալ իրական պատկեր` իրականացվող դասընթացների արդյունավետության և տարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ:

ՙՀարմոնիա՚ հիմնադրամը համագործակցում է ՀՀ կառավարության հետ` ծրագրի համատեղ իրականացման և կայուն զարգացման ուղղությամբ: ՙՀարմոնիա՚ հիմնադրամը ծրագրի ընդլայնման նպատակով նաև աշխատում է հնարավոր պատվիրատուների և նվիրատու կազմակերպությունների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ, ինչը թույլ կտա ցանցի մեջ ներգրավել նոր դպրոցներ, շարունակել տեխնոլոգիաների ներմուծումը կրթական համակարգ, ինչպես նաև ընդլայնել գործունեության շրջանակը և թիրախ խմբերը:

Մենք աշխատում ենք կրթական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծման ուղղությամբ: